Ամեն չորս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներով ու աշխարհով մեկ սփռված հայերը անցնում են միեւնույն տաղտկալի արարողակարգով. համեմատում են թեկնածուներին` փորձելով գուշակել, թե որն ի վերջո ականջ կդնի մեր պահանջներին: Հիմնականում արձագանքը քաղաքավարի անտարբերությունն է: Սակայն մոտեցող ընտրական շրջանն ուրիշ է` առնվազն նրանով, որ մենք սատար ենք կանգնում Ջեյ Դի Վենսին անգամ նախքան մրցավազքին միանալու մասին նրա սեփական հայտարարությունը. դիրքորոշում կազմելու համար մեզ պետք չէ պաշտոնական կոմյունիկե: Այս համոզմունքն է մեզ դրդել ստեղծել «Հայերը հանուն Վենսի» անկախ նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է մեկ կարևոր գաղափար. Ջեյ Դի Վենսն ավելին է, քան հնարավոր դաշնակից` նա պատրաստ է մեզ համար նշանակալի հարցերի ու որակապես նոր աշխարհակարգ կառուցելու շուրջ անկեղծ խոսակցության:
Շահադիտական չլինելով` այս խրախուսանքը նաև կույր հավատարմության դրսեւորում չէ: Այն պատրաստակամության ազդարարություն է. մենք պատասխանատու ենք ապագայի ու այն կառուցելու համար` ոչ թե ուրիշների սեղանի շուրջ տեղ հայցելով, այլ կերտելով ու պաշտպանելով մեր սեփականը: Դրանով մենք նաեւ ընդունում ենք մեր շահերի ու Ջեյ Դի Վենսի` ինքնիշխանության, հավատքի, արմատները համառորեն հիշելու, ավելի արդար աշխարհակարգի տեսլականի շուրջ ընկալումների նմանությունը:
Ինչո՞ւ Վենսը
Վենսն իր կարիերայի ընթացքում երբեք չի փոխել իր գույնը: Օհայոյի Միդլթաունից մինչև Սենատ ու փոխնախագահություն նա դավանել է մի շարք հաստատուն եւ ճանաչելի սկզբունքներ` մնալով պահպանողական, ռեալիստ, այլոց ինքնիշխանության հանդեպ հարգալից, ձգձգված պատերազմների քննադատ: Որպես մի ժողովուրդ, որ քանիցս սեփական մաշկի վրա է զգացել դժվարության պահին ուժեղ ընկերների հեռանալը, մենք արժեւորում ենք նման հաստատունությունը:
Հաջորդ պատճառը հավատքն է, որը Վենսի համար կայուն մեծություն է, ոչ թե տեսախցիկների առաջ ցուցադրվող պահվածք: Նա բաց է խոսում իր քրիստոնյա լինելու մասին` առանց քաղաքական գործիչներին բնորոշ զգուշավորության: Սա չափազանց կարեւոր է մի ժողովրդի համար, որի ազգային ինքնությունն արդեն տասնյոթ հարյուրամյակից ավել միահյուսված է Հայ Առաքելական Եկեղեցուն: Հայաստանը աշխարհում առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել` շատ ավելի վաղ, քան քարտեզի վրա նույնիսկ հայտնվեցին նրա հիմիկվա հարեւաններից շատերը:
Խիստ կարեւոր են եւ արմատները: Այստեղ է, որ նման զնմանն գտանէ: Վենսը երբեք չի ձգտել կոծկել իր հիմքն ու ծագումը` շոտլանդա-իռլանդական արմատները, օլսթերյան կելտերի` Ատլանտյան օվկիանոսով մինչև Ապալաչիներ ու Կենտուկիի եւ Օհայոյի բլուրներ հասցված ու ժառանգներին կտակած հավատարմությունը յուրայինին, հեռավոր իշխանության հանդեպ խորը կասկածանքն ու թերահավատությունը, աննկուն համառությունը: Մենք այս բնազդը որեւէ այլ բանի հետ շփոթել չենք կարող: Ապալաչիները դարձան նրա ժողովրդի ապաստանը, բայց նրանք երբեք չուրացան իրենց բնօրրանը` Օլսթերն ու Մորն լեռները: Հայկական աշխարհը նույն կերպ հրաժարվում է ուրանալ Արարատը, որը տեսանելի է Երեւանից, թեեւ մնացել է մեզ լիարժեք չպատկանող սահմանից այն կողմ, սակայն հյուսված է այն ամենին, ինչ մենք կառուցում, գրում կամ ստեղծում ենք: Հայկական բարձրավանդակն է, որ մինչ օրս ներշնչում է Գլենդելից մինչեւ Ուոթերթաուն տարածության վրա բնակվող հայերին մոմեր վառել Ամերիկայի հողին այդպես էլ ոտք չդրած նահատակ նախնիների հիշատակին, իսկ այլեւս անգո գյուղերի անունները կենդանի պահել իրենց նորածին զավակների անուններում: Հավատացած ենք, որ նման պատմական հիշողությունը` հավատամքը, որն ընկած է հիշատակի քրիստոնեական գաղափարի հիմքում, հենց այն է, որ դարձնում է Ամերիկան բացառիկ, իսկ դրա հիման վրա կառուցված ցանկացած ազգի` անառիկ:
Ջեյ Դի Վենսի հաջորդ հատկանիշը պետականակենտրոն մտածողությունը, խոսքն ու գործունեությունն է` վեր նեղ շահերից, անձնական ամբիցիաներից, կուսակցական հավատարմությունից: Նրա կելտ նախնիների պես` Մաք-Քինլիի, որը տնտեսական ինքնիշխանությունը վեր դասեց ցանկացած քաղաքական նկատառումներից` իր վարկանիշը զոհաբերելով վաղվա զարգացմանը, եւ Ջեքսոնի, որը հասարակ ամերիկացուն բարձր կարգեց օրվա հղփացած վերնախավից, Վենսը եւս չի վստահում անհաշվետու ֆինանսական ու կորպորատիվ դասերին` իր կոալիցիայում ներառելով Վաշինգտոնի կողմից վաղուց անտեսված մարդկանց: Մենք եւս պետականակենտրոն ժողովուրդ ենք, գուցե եւ շատերից առավել. դարերով պետականություն կորցրած ու փափագած, այն տասնամյակներով վերակառուցած հայերի համար ինքնիշխանությունը լոկ հնչյուն չէ կամ վերացական երեւույթ: Այն մեր հավաքական գոյության իմաստն ու գրավականն է:
2023 թ. Արցախի էթնիկ զտում, դրան նախորդած իննամսյա շրջափակում, Բաքվի կողմից գոյաբանական ճնշում, որ միայն ուժգնանում է` ահա թե ինչ է տեղի ունենում հինավուրց, արմատավորված, քրիստոնյա ժողովրդի հետ, երբ աշխարհը սկսում է անլուրջ վերաբերվել ինքնիշխանությանը: 150 հազար մարդ օդից չէ, որ կորցրել են իրենց եկեղեցիները, գյուղերն ու տները: Նրանք զրկվել են այդ ամենից, որովհետև չափից շատ ուժեր նախընտրեցին անտեսելու հարմարությունը նրանց պաշտպանելու ու հինավուրց քրիստոնյա ազգին նեղ շահերից վեր դասելու առավել խրթին աշխատանքին: Այդ իսկ պատճառով է, որ մեզ համար այսքան կարեւոր է մի առաջնորդ, որի համար ինքնիշխանությունը կլինի անսակարկելի ըստ իր համոզմունքի, ոչ թե հարմարության` լինի այն իր սեփական երկրինը, թե մեկ ուրիշինը: Եթե սկզբունքը վերջանում է որեւէ սահմանից անդին, այն այլեւս սկզբունք չէ:
Կարիք չկա, որ Վենսն անգիր իմանա մեր պատմությունը, որպեսզի այն լուրջ ընկալի: Նա արդեն իսկ ապացուցել է, որ պատրաստ է անհարմար ճշմարտություններ բարձրաձայնել անկախ նրանից, թե ով է իր դիմացինը: Մի առաջնորդ, որ չի շողոքորթում Մոսկվային, Անկարային կամ Բաքվին, հենց նա է, որ կարող է անմիջական ու շիտակ լինել գլոբալ հայկական աշխարհի հետ:
Ինչո՞ւ հայկական աշխարհը
Մենք դիտարկում ենք հայկական աշխարհը որպես հուսալի գործընկերոջ: Հազարամյակներ շարունակ մենք կամուրջների ենք վերածել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ բաժանարար գծերը, եւ հենց այդ բնազդն ու ունակությունն է, որ այսօր այդքան անհրաժեշտ է աշխարհին: Մենք սատարում ենք Հայ Եկեղեցում եւ այն ազգային ու պահպանողական արժեքներին, որ այն կանգուն են պահել Ցեղասպանության, աշխարհով մեկ սփռվելու եւ աքսորի երախում, երբ շուրջբոլորը գրեթե ամեն ինչ փլուզվում էր: Մենք արդեն կուշտ ենք մեր հարեւանների անբարեխղճությամբ. մենք կամենում ենք կառուցել մի Հայաստան, որը անկախ ու կայացած պետություն կլինի` ո՛չ ռուսական արբանյակ, ո՛չ էլ ձեւական դրոշով թուրքական գաղութ: Մենք պետականակենտրոն ժողովուրդ ենք, եւ հենց այդ որակն է մեզ համար վճռորոշ նրանց մեջ, ում մենք աջակցում ենք. ինքնիշխանությունը, պաշտպանված սահմանները, արժեքները անսակարկելի դասելը:
Մենք այս հավասարության մեջ դատարկաձեռն չենք առաջ գալիս: Ամերիկահայությունն ունի կոմպակտ ու ներգրավված ընտրական բազա մի շարք որոշիչ նահանգներում` Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Մասաչուսեթսում, Ռոդ Այլենդում, Նյու Յորքում ու Նյու Ջերսիում, ի թիվս այլոց: Մենք ունենք եկեղեցիներ, մշակութային կազմակերպություններ ու քաղաքացիական հաստատություններ գրեթե ամեն նահանգում ու կարծիքի առաջնորդներ, ում լսարանը միլիոնների է հասնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ գլոբալ ասպարեզում: Մենք կառուցել ենք աշխատող բիզնեսներ, կատարել լուրջ ակադեմիական աշխատանք, ձեռք բերել ամերիկյան լրատվամիջոցներում ճանաչված անուններ: Այդ ամենի ներքո կա եւս մի բան, որ առավել դժվար է կերտել. Երկիր մոլորակի հնագույն ու երբեք չընդհատված քաղաքակրթություններից մեկը, երկու հազար տարվա ընթացքում սերնդեսերունդ փոխանցած յուրօրինակ քրիստոնեական մշակույթ, գրեթե բոլոր մնացածներին գերազանցող` միմյանց հետ ընդհանուր լեզու, հավատք, համագործակցելու պատմություն չկիսող քաղաքակրթություններ, երկրներ ու ժողովուրդներ միավորելու, նրանց համատեղ իսկապես հարատեւ առեւտրային ուղիներ, դաշինքներ, ինստիտուտներ կառուցող գործընկերների վերածելու փորձ:
Մենք Ջեյ Դի Վենսին չենք խնդրում պաշտպան կանգնել Հայաստանին: Մենք նրան խրախուսում ենք նրա համար, ինչ նա արդեն կա. պետականամետ ռեալիստ, որը գիտակցում է, որ բարբարոս թշնամիներով շրջապատված փոքր, հինավուրց ազգերը կարիք ունեն անկեղծ գործընկերների, ոչ թե հովանավորների: